Բլոգ
The Garrick Club

The Garrick Club-ը ջենթլմենների ակումբ է Լոնդոնի սրտում: Այստեղ դուք կարող եք ընթրել «Համլետ»-ի հերթական պրեմիերայից առաջ, սենյակ վարձել, եթե լոնդոնցի չեք, կամ տպավորիչ գրադարանում նայել թատրոնի արվեստի և պատմության մասին հնագույն հատորներին:

The Garrick Club-ը հիմնադրվել է 1831 թվականի օգոստոսի 17-ին Դրուրի Լեյնի թագավորական թատրոնի կոմիտեի սենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
1864 թվականից առ այսօր ակումբը գտնվում է նույն շենքում։ Փայլեցված փայտ, արծաթյա սպասք, կաշվե բազկաթոռներ, բուխարի, վարագույրներ, սիգար ծխելու համար տեռասա և գինու մառան․ ահա այսպիսին է The Garrick Club-ը: Ակումբը նաև տուն է արվեստի խոշոր հավաքածուներով, որտեղ ցուցադրված են ավելի քան 1000 նկարներ, գծանկարներ և քանդակներ: Այն ունի նաև թատերական գրադարան։
Garrick Club-ը աշխարհի ամենահին ակումբներից մեկն է, և իր ստեղծման օրվանից անդամակցել են այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են Չարլզ Քինը, Հենրի Իրվինգը, Հերբերտ Բիրբոմ Թրի, Արթուր Սալիվանը, Լորենս Օլիվիեն, Ռայմոնդ Ռայկեսը, Սթիվեն Ֆրայը և Ջոն Գիլգուդը։ Գրական աշխարհից անդամակցել են գրողներ Չարլզ Դիքենսը, Հ. Գ. Ուելսը, Ջ. Մ. Բարրին։ Ակումբին անդամակցում են նաև արվեստի ներկայացուցիչներ Ջոն Էվերետ Միլեսը, Լորդ Լեյթոնը և Դանթե Գաբրիել Ռոսսետտին:
2016 թվականի դրությամբ ակումբն ունեցել է մոտ 1400 անդամ։ Նոր անդամակիցները պետք է առաջադրված լինեն գործող անդամներից մեկի կողմից՝ մինչև գաղտնի քվեարկություն անցնելը։ Սա այն սակավաթիվ ակումբներից է, որտեղ կանանց գրեթե թույլ չեն տալիս մտնել (կարող են երբեմն այցելել, բայց մուտքը դեպի ակումբի որոշ հատվածներ խստիվ արգելված է):